Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը
«e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության օպտիմալացման ուղղությամբ։ Նախագիծը նպատակ ունի ապահովել կենտրոնի ֆինանսական կայունությունը՝ նվազեցնելով ոչ շահութաբեր ծառայությունների ծավալները։
Մեծամորի բժշկական կենտրոնը երկար տարիներ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում։ Կուտակված պարտավորությունները, որոնք ներկայումս կազմում են մոտ 86 միլիոն ՀՀ դրամ, խոչընդոտում են կազմակերպության բնականոն գործունեությանը։ Պարտավորությունների կուտակման հիմնական պատճառներն են․ վիրաբուժական և վերակենդանացման ծառայությունների կասեցումը 2021 թվականից, տեխնիկական վերազինման բացակայությունը և շենքային անմխիթար պայմանները, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հետ կապված հավելյալ ֆինանսական բեռը, COVID-19 համավարակի ընթացքում բժշկական կենտրոնի ծախսերի անարդյունավետ փոխհատուցումը։
Նախագծով առաջարկվում է դադարեցնել կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը, ինչը կնվազեցնի բժշկական կենտրոնի ծախսերը, կրճատվում է բժշկական կենտրոնի ընդհանուր մահճակալային ֆոնդը՝ ապահովելով ավելի բարձր ծանրաբեռնվածություն մյուս բաժանմունքներում։
Կենտրոնում շեշտը դրվում է առավել պահանջված՝ թերապևտիկ, մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների գործունեության վրա։
Որոշման ընդունմամբ ակնկալվում է կայունացնել բժշկական կենտրոնի ֆինանսական վիճակը, բարձրացնել կենտրոնի մատուցած ծառայությունների որակը, ապահովել Արմավիրի մարզի ազգաբնակչության հասանելիությունը կարևոր բժշկական ծառայություններին։
Մեծամորի բժշկական կենտրոնը ունի 169 աշխատակից, որոնցից 44-ը՝ բարձր որակավորում ունեցող բժիշկներ։
Կենտրոնի պարտավորություններ՝ 86 միլիոն ՀՀ դրամ, այդ թվում՝ հարկային և վարկային պարտքեր։
Կենտրոնի աշխարհագրական կարևորությունը՝ կենտրոնը գտնվում է գերսեյսմակայուն շինությունում և կարևոր դեր ունի ճգնաժամային իրավիճակներում։
Նախագիծը մշակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կողմից։