Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն․ գազի արտահnսք կա
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչից առաջացել է գազի արտահոսք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:
Պարեկները պարզել են, որ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, բեռնատարն էլ «Foton» մակնիշի է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն խողովակի մի մասը պոկվել և վնասել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի և սեփականատիրոջ, ինչպես նաև բեռնատարի վարորդի ինքնությունը պարեկները պարզում են: