ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը
Նոյեմբերի 25-29-ն Ասունսիոնում (Պարագվայի Հանրապետություն) անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի տարեկան համաժողովը, որի շրջանակում նոյեմբերի 25-ին կայացել է նաև Ասիական նախաձեռնության 7-րդ բարձրաստիճան հանդիպումը: Այդ մասին հայտնում են Պետեկամուտների կոմիտեից:
Համաժողովը վարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ մեկ անգամ ևս շեշտադրելով Ասիայի նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար: Հանդիպումը նշանավորվել է նաև դիտորդ երկրների աննախադեպ մասնակցությամբ և բարձրացված հարցերի կարևորությամբ:
Իսկ ՏՀԶԿ գլոբալ ֆորումի տարեկան համաժողովում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել որպես պանելային մասնակից։ Ընդգծելով գլոբալ ֆորումի կողմից կրիպտոակտիվների հաշվետվողականության ստանդարտի մշակման և ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքների կարևորությունը՝ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ստանդարտի ներդրման հաջողությունն ավելի սահուն և արդյունավետ կլինի բոլոր երկրների կողմից այն հնարավորինս արագ ընդունելու դեպքում:
Հաջորդ պանելային մասնակցությունը վերաբերում էր տեղեկությունների փոխանակման կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հատկապես տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում: Քննարկմանը ՀՀ ներկայացուցիչը կարևորել է միջազգային համագործակցության նման ձևաչափի նշանակությունը, ինչն ավելի թիրախային և արդյունավետ է դարձնում տեղեկությունների փոխանակման գործընթացը: Ներկայացվել է, որ տեղեկությունների փոխանակումը վերջին տարիներին բավականին արդյունավետ կիրառվում է ՀՀ հարկային մարմնի կողմից, և այս ուղղությամբ արձանագրվել են մի շարք հաջողություններ։ Միաժամանակ ընդգծվել է, որ տեղեկությունների փոխանակման համակարգի կայացումը աննախադեպ ազդեցություն ունի նաև հարկային կարգապահության բարձրացման հարցում: Պանելային քննարկման մասնակիցները միաձայն համաձայնել են, որ գլոբալ ֆորումի բոլոր անդամների միջև արդյունավետ համագործակցությունը կարևոր նախադրյալ է թե՛ առանձին վերցրած երկրների հարկային եկամուտների հավաքագրման, թե՛ առհասարակ, համաշխարհային եկամտի հավաքագրման հարցում:
Նշենք, որ Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում ավելի հասցեական դարձնելու նպատակով: Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումը՝ 171 անդամ երկրների մասնակցությամբ, ներառյալ G20-ի բոլոր երկրները և 23 դիտորդներ, առաջատար միջազգային մարմին է, որն աշխատում է ամբողջ աշխարհում հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ: