«Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-ոքի արդյունքը տարօրինակ է համարում
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրի իսլանդական «Վիկինգուր»-ի հետ ոչ-ոքի արդյունքը տարօրինակ է որակում:
«Հանդիպումը տարօրինակ ստացվեց: Մենք փորձում էինք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: «Վիկինգուր»-ն այստեղ էր եկել մեկ միավորի համար, և նրանք հասան իրենց նպատակին: Մենք հստակ 5 հնարավորություն ունեինք, որոնք չօգտագործեցինք: Սա այն խաղերից էր, որտեղ ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես ակնկալում էինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոտան:
Վերջինիս խոսքով, «Նոա»-ի համար կարևոր է այն, որ թիմը տնային խաղերում գնդակ բաց չի թողնում, սակայն ուրախալի արդյունք էլ չէ Իսլանդիայի չեմպիոնի հետ Երևանում գրանցած ոչ-ոքին:
Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում «Նոա»-ն կանցկացնի դեկտեմբերի 12-ին` Երևանում ընդունելով ԱՊՕԷԼ-ին: