Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նրա կինը՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է կազմակերպության և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Լեհաստանի առաջին տիկինը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ կապված միջազգային համերաշխության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Լեհաստանն աջակցող երկրների թվում է։
Ներկայացնելով Լեհաստանի գործունեությունը Ուկրաինայից փախստականների հարցում՝ նա պատմել է ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական ոլորտների կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների մասին։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարության ընթացիկ գործունեությունը փախստականների հետ կապված։
Լեհաստանի առաջին տիկինը հանդիպել է նաև Արցախից բռնի տեղահանվածների հետ։ «2023 թվականի սեպտեմբերի վերջին վերսկսված ռազմական գործողությունները հանգեցրին նրան, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են եկել ավելի քան 100,000 փախստականներ, որոնք, ի թիվս այլոց, օգնություն են ստացել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակից և «Առաքելություն Հայաստան»-ից։
Այցի ընթացքում առաջին տիկինը զրուցել է նաև Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ, որոնք պատմել են պատերազմական հակամարտության իրենց անձնական փորձի և Հայաստան ներգաղթելու անհրաժեշտության մասին։
Նրանք ասել են, որ Հայաստանում իրենց ստացած օգնությունը «անգնահատելի օգուտ» էր, ինչը նշանակում է, որ չնայած դժվարին իրավիճակին՝ նրանք կկարողանան վերականգնել իրենց կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ։