«BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հայտնվել բնակչի բակում. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց ու ճանապարհը սպասարկող ընկերությունը ոչինչ չի արել աղ ու ավազով այն մշակելու համար: