Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քաղաքներից բնակիչներին տարհանել են
Ավստրալիայի արևմտյան ափին գտնվող մի քանի քաղաքների բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տներն անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արևմտյան Ավստրալիայի նահանգի փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անվերահսկելի անտառային հրդեհն ընդհուպ մոտեցել է Սերվանտես քաղաքին, որը գտնվում է մայրցամաքի արևմտյան ափին։
«Հրդեհը մոլեգնում է քաղաքի սահմաններից 10 կմ-ից պակաս հեռավորության վրա…. Իրավիճակը բարդանում է տարածաշրջանում չոր, շոգ և քամոտ եղանակային պայմանների պատճառով», - ասել է Արևմտյան Ավստրալիայի Հրշեջ պահպանության և արտակարգ իրավիճակների ծառայության վարչության աշխատակից Դարեն Քլեմը:
Հաղորդվում է նաև, որ Սերվանտեսի մոտ, որտեղ բնակվում է մոտ 500 մարդ, գտնվում է Ավստրալիայի ռազմածովային ուժերի ուսումնավարժական զորավարժարանը։
«Այնտեղ կան չպայթած զինամթերք և վառելիքի պաշարներ, այնպես որ հրշեջներն ստիպված են շարժվել միայն զինվորականների հետ համաձայնեցված երթուղիներով, և դա խիստ սահմանափակում է հրդեհը տեղայնացնելու մեր հնարավորությունները», - հավելել է Քլեմը:
Այժմ Սերվանտեսի և մերձակա ավանների բնակիչները տարհանվել են, տարերային աղետի գոտում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները, դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը։
Հրդեհն ընդգրկում է 42 000 հեկտար անտառ, իսկ հրդեհի ընդհանուր ընդգրկումը հյուսիսից դեպի հարավ կազմում է մոտավորապես 48 կմ։ Հրշեջները չեն կարողանում տեղայնացնել կրակը, և առայժմ նրանց ջանքերի մեծ մասն ուղղված է բնակավայրերի շուրջը պաշտպանիչ կառույցների ամրապնդմանը։ Հրդեհի դեմ պայքարելու համար մոբիլիզացվել է ավելի քան 200 հրշեջ, տեղում աշխատում են 4 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ, օրվա վերջում դրանց օգնության պետք է հասնեն մի քանի հրշեջ խմբեր հարևան նահանգներից: