Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ
Կառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Էդուարդ Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում:
Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ու կառավարությանը՝ Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող պաշտոնում իրեն նշանակելու համար:
Հակոբյանը 2022-ի դեկտեմբերից զբաղեցրել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
«Ես պատրաստ եմ իմ ողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները: Եվ պատրաստ եմ ՊԵԿ-ն առաջնորդել՝ որպես թիրախ ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի և կարողությունների շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական և ծանրակշիռ պայքարը»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։
Նրանց թվում էին Գնել Սանոսյանը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, Վահե Ղազարյանը` Ներքին գործերի նախարարի, Ռուստամ Բադասյանը` ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը` Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Կարեն Անդրեասյանը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոններից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22–ին հայտնել էր, որ պատրաստվում է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին: Անդրադառնալով քննարկումներին, թե Պողոսյանի անունը կապվում է հնարավոր կոռուպցիոն գործերի հետ՝ նա հայտնել էր, որ այդ ահազանգերը կստուգվեն, որից հետո միայն որոշում կկայացվի: