Զայրույթի, հիասթափության և դատարկության համադրություն․ մարմնի լեզվի փորձագետը՝ Գվարդիոլայի մասին
Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ֆեյենորդի» հետ ոչ-ոքին Խոսեպ Գվարդիոլան հանրությանը ներկայացավ քերծված քթով և ճակատով։ Մարմնի լեզվի փորձագետ Դարեն Սթենթոնը դա համարում է անհանգստացնող ազդակ։
Մարզչի տրամադրությունը՝ արտահայտված նրա ժեստերում, ցույց է տալիս, որ նա այլևս չի վերահսկում իրավիճակը թիմում։
«Գվարդիոլան, կարծես, կոտրված մարդ լինի։ Նրա վարքագծում ես նկատեցի մոտ 20 «կարմիր դրոշակ»։ Դա զայրույթի, հիասթափության և դատարկության համադրություն է։ Նման բաներ կարելի է սպասել մարդու դիրքից ելնելով, սակայն նախկինում, նույնիսկ դժվարին ժամանակներում, նա ավելի եռանդուն էր թվում», — բացատրել է փորձագետը The Sun-ին տված հարցազրույցի ժամանակ։
Դարեն Սթենթոնը նաև նշեց, որ Գվարդիոլան հաճախ դիպչում էր գլխին, նստում էր սաղմնային դիրքով և փորձում էր իր էմոցիաները թաքցնել կեղծ ժպիտների հետևում։ Փորձագետի կարծիքով, նման շարժումները, ինչպիսիք են՝ գլուխը թեքելը և ձեռքի շարժումները դեպի դեմք, վկայում են խորը հիասթափության և ճգնաժամից դուրս գալու ռազմավարության բացակայության մասին։
Փորձագետը կարծում է, որ Գվարդիոլան լրիվ ճնշված էր և, հավանաբար, չունի հստակ պատկերացում, թե ինչպես դուրս բերել «Մանչեսթեր Սիթին» այս իրավիճակից։
Հիշեցնենք՝ «Ֆեյենորդի» հետ անհաջող խաղից հետո բոլորին զարմացրել է իսպանացու պատասխանը այն մասին, թե որտեղից է առաջացել քերծվածքը, քանի որ նա ասաց, որ ինքն իրեն է քերծել։ Հետո Գվարդիոլան մամուլի ասուլիսից հետո արդեն ստիպված է եղել բացատրություններ տալ սոցիալական ցանցերում, փոխանցում է Armsport-ը։