Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագահի այցը հայ-ադրբեջանական սահման
Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է Լեհաստանի նախագահի այցը հայ-ադրբեջանական սահման: «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) անդամների ուղեկցությամբ, ցավոք, հերթական անգամ ցուցադրում է ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականությունը:
Մենք խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր երկրի նախագահը մասնակցել է անընդունելի «հեռադիտակային շոուին», ինչը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրման։ Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ լեհական կողմը ձեռնպահ չմնաց այդ սադրիչ քայլից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նշել է նաև, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան դիվանագիտական միջոցներ ձեռնարկել ընդդեմ այդ «ոչ բարեկամական ակցիայի»: