Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած վարորդը հայտնաբերվել է
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները հայտնաբերել են մի քանի օր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդների համար վթարային իրավիճակներ ստեղծած վարորդին, ով ավտոմեքենայից ճայթուցիկներ էր շպրտել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում այդ մասին օպերատիվ տեղեկություն էին ստացվել և գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի, ավագ պարեկ Կամո Մկրտչյանի և կրտսեր պարեկ Նվեր Գրիգորյանի հետևողական աշխատանքի արդյունքում օպերատիվ տեղեկություններով պարզվում է այդ «մանկամիտի» ավտոմեքենայի մակնիշը, համարանիշն ու վարորդի ինքնությունը ու այսօր՝ նոյեմբերի 27-ին, հայտնաբերվում է և ավտոմեքենան տեղափոխվում ՀՀ ՆԳՆ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Պարեկների մոտ զարմանք է առաջացնում այն, որ երբ պարզում են, որ այդ «օյինբազության» հեղինակը չափահաս է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ստեփան Հ․-ն է։