Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին. ներկայացվել է պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։
Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են իրավահավասարության երաշխավորումն ու խտրականության դեմ պայքարը։ Ոլորտում տարվող աշխատանքների շրջանակներում Պաշտպանն անդրադարձել է տարբեր խումբ անձանց, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կարևորությանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, դրանով նախատեսվելիք կառուցակարգերին ու օրենսդրական մակարդակում իրավահավասարության երաշխավորմանն ուղղված անհրաժեշտ չափանիշների ու կարգավորումների ներդրմանը։ Նշվածի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, ի թիվս այլնի, փաթեթի վերաբերյալ իրավասու մարմնին ներկայացված գրավոր կարծիքում արտահայտված դիրքորոշումներն ու աշխատանքային քննարկումների արդյունքները։