Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան հետևանքով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում՝ դեպի Սպիտակ տանող 17 կմ-անոց հատվածում, տիրում է բարձիթողի վիճակ:
Եթե Ապարանի, Նիգավանի ճանապարհները սպասարկող ճանշինը օպերատիվ է գործել, մերկասառույց ճանապարհները մշակել է աղ ու ավազով, ապա նույնը չես կարող ասել Ռյա Թազա, Մելիքգյուղ, Ծիլքար, Գեղադիր, Գեղարոտ, Ալագյազ, Ջամշլու, դեպի Սպիտակի ոլորաններ այդ մի քանի գյուղերը տանող գլխավոր ճանապարհն ամբողջությամբ մերկայսառույց է, ճանապարհը սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի ոչ մի աշխատակից որպես նմուշ անգամ չկա:
Նույնիսկ իրենց գրասենյակի դիմացով անցնող գլխավոր ճանապարհին տիրում է բարձիթողի վիճակ:
Ավտոմեքենաների խցանում է առաջացել. մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետի գլխավորությամբ, մոտ 40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառույց ճանապարհից:
Մի քանի քաղաքացիների էլ Արագածոտնի և Լոռու պարեկները իրենց ավտոմեքենաները տեղափոխել են անվտանգ վայր:
Այս պահին արդեն ժամանած Սպիտակի ճանշինը սկսել է ճանապարհից հեռացնել ձյունն ու մերկասառույց հատվածներն էլ մշակել աղ ու ավազով, իսկ «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի ճանշինի աշխատակիցներից մինչև այս պահը ոչ ոք չի բարեհաճել ժամանել ու կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ:
Վարորդները ամենավերջին խոսքերն էին ուղղում ճանշինին, իսկ գովեստի խոսքեր ուղղում էին պարեկներին ու փրկարարներին, ինչպես նաև մի քանի գյուղացիների, ովքեր իրենց տեխնիկայով օգնում էին պարեկներին ու փրկարարներին: