Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ․ Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։
Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հայտարարագիրը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Սահմանադրական դատարանում։ Վերջինս իշխանափոխությունից հետո ընտրվել է ԱԺ պատգամավոր, վերընտրվել նաև 2021-ին։ Վարդանյանը 7-րդ ու 8-րդ գումարման խորհրդարաններում ղեկավարում է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը։
Որպես անշարժ գույք՝ Վարդանյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա ժառանգություն է ստացել 2001 թվականի օգոստոսի 27-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։
Վարդանյանը ԱՐՍԱԼԵԴԱ ՍՊԸ-ում ունեցել է 53 մլն 974․300 դրամ փոխառություն՝ 12․85 տոկոս տոկոսադրույքով, որը տարեվերջին պահպանվել է։
Պատգամավորը տարեսկզբին ունեցել է 68․228,16 դրամ և 2201,79 եվրո, տարեվերջին՝ 1 մլն 24․266,71 դրամ։ Նա ունեցել է նաև կանխիկ միջոցներ․ տարեսկզբին՝ 300 հազար դրամ, 300 դոլար և 390 եվրո, տարեվերջին՝ 650 հազար դրամ, 1200 դոլար, 2600 եվրո։
Հաշվետու տարում Վլադիմիր Վարդանյանի եկամուտները կազմել են 14 մլն 256․581,8 դրամ, որից 11 մլն 985․143 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 69․090 դրամը՝ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը, 480 եվրոն՝ Վենետիկի հանձնաժողովից ստացած եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 115․694 դրամ։
Վարդանյանն իր եկամուտներից 6 մլն 397․334,3 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։