ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արաբիայում անցկացնելուն
Ամերիկացի սենատորները նամակ են հղել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյին՝ կոչ անելով մերժել Սաուդյան Արաբիայի հայտը՝ 2034 թվականի աշխարհի առաջնության անցկացումը վստահելու համար: Սենատորների դիրքորոշման հիմնական պատճառը Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումներն են:
The Guardian-ի տեղեկությունների համաձայն, 2023 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության սենատորներ Ռոն Վայդենը Օրեգոն նահանգից և Դիկ Դուրբինը Իլլինոյս նահանգից նամակ են ուղարկել Ջանի Ինֆանտինոյին՝ կոչ անելով ՖԻՖԱ-ին հրաժարվել Սաուդյան Արաբիային 2034 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալողի կարգավիճակ շնորհելու գաղափարից՝ երկրի մարդու իրավունքների խնդիրների պատճառով:
«Սաուդյան Արաբիայի հայտի հաստատումն այս տարվա դեկտեմբերին վտանգի տակ է դնում աշխատողներին, մարզիկներին, զբոսաշրջիկներին և մամուլի ներկայացուցիչներին և հակասում է ՖԻՖԱ-ի մարդու իրավունքների քաղաքականությանը»,- մեջբերում է նամակի տեքստը The Guardian-ը:
Հուլիսի 29-ին Սաուդյան Արաբիան ՖԻՖԱ-ին է ներկայացրել իր հայտը 2034 թվականի աշխարհի առաջնությունը անցկացնելու համար: Արաբական պետությունն առաջին անգամ Աշխարհի առաջնությունն անցկացնելու իր ցանկությունը հայտնել էր 2023 թվականի հոկտեմբերին: Պաշտոնական հայտը ներկայացվեց Փարիզում ՖԻՖԱ-ի կազմակերպած արարողության ժամանակ:
Ավելի վաղ Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել էր չեղարկել իր հայտը։ Այսպիսով, Սաուդյան Արաբիան մրցակից չի ունենա մունդիալը հյուրընկալալու իրավունքի համար։
2026 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: 2030 թվականի առաջնության հիմնական անցկացնողները կլինեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն, իսկ բացման խաղը կանցկացվի Ուրուգվայում, հաջորդ երկու խաղերը՝ Արգենտինայում և Պարագվայում: 2026 թվականից աշխարհի առաջնությանը կմասնակցեն 48 թիմեր:
Վերջին աշխարհի առաջնությունը կայացել է Քաթարում 2022 թվականին: Այն առաջին անգամ անցկացվեց Մերձավոր Արևելքում: Աշխարհի լավագույն հավաքական դարձավ Արգենտինան, որը եզրափակիչում հաղթեց նախորդ առաջնության չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, փոխանցում է Armsport-ը։