Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադարի հաստատմանը Լիբանանի հետ սահմանին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Իսրայելի կառավարությանը կոչ է արել հավանություն տալ լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման հետ հրադադարի համաձայնագրի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ այս մասին Բորելն ասել է Իտալիայում Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ:
«Հուսանք, որ (Իսրայելի վարչապետ) Նեթանյահուն կընդունի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից առաջարկված հրադադարի համաձայնագիրը: Այլևս ոչ մի արդարացում: Ոչ մի լրացուցիչ պահանջ», - ասել է Բորելը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։
Բորելի խոսքով՝ առաջարկվող համաձայնագրի նախագծում «հաշվի են առնվել Իսրայելի անվտանգությանը վերաբերող բոլոր պահանջները»։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ հրադադարն անհրաժեշտ է, հակառակ դեպքում «Լիբանանը կկործանվի»։
Բորելը նաև ասել է, որ համաձայնագրի վիճելի հարցերից մեկը հրադադարի պահպանման հանձնաժողովում Ֆրանսիայի ներգրավվածության հարցն է։ Ըստ Բորելի՝ լիբանանյան կողմը խնդրել է, որ Ֆրանսիան ընդգրկված լինի, սակայն Իսրայելը վերապահումներ ունի այդ հարցում։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրին:
Բորելը նաև Արևմտյան երկակի ստանդարտ է անվանել Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետի, պաշտպանության նախկին նախարարի և ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ձերբակալման որոշմանն արձագանքները։
«Չի կարելի ծափահարել, երբ դատարանը դեմ է դուրս գալիս (ՌԴ նախագահ) Պուտինին և լուռ մնալ, երբ դատարանը դեմ է դուրս գալիս Նեթանյահուին», - ասել է նա՝ ԵՄ անդամ երկրներին կոչ անելով աջակցել ՄՔԴ-ին։