Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցով ժամանել Լեհաստան. Դուդա
Այսօր ես հնարավորություն ունեմ նաև հանդիպելու ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԺ նախագահի հետ: Հետևաբար՝ նախատեսվում է, որ իմ պաշտոնական ծրագիրը շատ ծանրաբեռնված է, և ես շատ ուրախ եմ այդ առիթով: Այդ մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
«Ամենակարևորը քաղաքական ոլորտում մեր երկրների սերտ համագործակցությունն է: Բոլոր այն գործառույթներում, որոնք Հայաստանին կկապեն և կմոտեցնեն Եվրոպային և եվրոպական ընտանիքին, մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,- նշեց Լեհաստանի նախագահը:
Նա նաև կարևորեց տնտեսական համագործակցությունը: «Այսօր Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցով ժամանել Լեհաստան, և այդ այցելության շրջանակներում առաջարկեցի կազմակերպել տնտեսվարողների, ձեռնարկատերերի տնտեսական ֆորում, ինչը հնարավորոթյուն կտա մեր երկրի տարածքում տնտեսական ոլորտում անմիջականորեն կապեր հաստատել»,- ասաց Դուդան:
«Ես վստահ եմ, որ այսօրվա և առաջիկա օրերին իմ հանդիպումները, իմ այցելությունը կնպաստեն մեր երկու երկրների ակտիվ համագործակցության զարգացմանը»,- նշեց Լեհաստանի նախագահը: