Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից անցում դեպի վերականգնողական քաղաքականությանը՝ կարևորելով ազատությունից զրկված անձանց վերաինտեգրումը հասարակությանը:
ԽԿԿ գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդն ընդգծել է Հայաստանի թափանցիկ քաղաքականության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հայկական կողմին ԽԿԿ 2023 թ․ սեպտեմբերին ՀՀ այցից հետո կազմված Հայաստանի վերաբերյալ զեկույցը հրապարակելու համաձայնություն տալու համար: Զեկույցը դրական է գնահատվել ԽԿԿ կողմից, և ընդգծվել են Կառավարության ջանքերը՝ ուղղված ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավմանը, իրավունքների երաշխավորմանը, օրենսդրական և ինստիտուցիոնալ բազան ԽԿԿ-ի չափանիշներին համապատասխանեցնելուն:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են զեկույցից բխող խնդիրների շրջանակներում հետագա համագործակցության ուղիները: