Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի Պրեմիեր լիգայից
Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը , որը ազատ գործակալ է, կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական «Նյուքասլը»: Նշվում է, որ «կաչաղակները» պատրաստ են Ռամոսին առաջարկել մեկուկես տարվա պայմանագիր, որի պայմաններով ֆուտբոլիստը կվաստակի մոտ 10 միլիոն եվրո։ Անգլիական թիմին շտապ անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանությունը վնասվածքների ճգնաժամի պատճառով։
Հիշեցնենք, որ Ռամոսի վերջին ակումբը եղել է «Սևիլյան», որտեղ ֆուտբոլիստը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։ 38-ամյա ֆուտբոլիստը հայրենի թիմ էր վերադարձել 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նախկինում պաշտպանը հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալում» և ՊՍԺ-ում։
Անցած մրցաշրջանում Ռամոսը «Սևիլյայի» կազմում մասնակցել է է 37 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։