Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել:
Նախարարությունից ստացված պատասխանում նշվում է, որ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ, որի հավելվածի 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերով սահմանված են այն նվաճումները, որոնց առկայության դեպքում քաղաքացիներին տրամադրվում է տարկետում:
«Մասնավորապես, 9.1 կետով նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking. com/# կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների»,-նշված է նախարարության պատասխանում:
ԿԳՄՍՆ-ից նաև հայտնում են, որ վերը նշված հիմքով 2021 թվականին տարկետում է ստացել 69, 2022 թվականին՝ 131, 2023 թվականին՝ 101, 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում՝ 115 քաղաքացի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: