Գնահատեք այն, ինչ ունեք. Քրիստինե Պեպելյանի բարեմաղթանքը
Operativ.am-ի թղթակիցը Ամանորի կապակցությամբ շնորհավորեց «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչված Քրիստինե Պեպելյանին և պարզեց, թե ինչպես է երգչուհին դիմավորելու 2014 թվականը:
Քրիստինեն Ամանորը կդիմավորի տանը, ապա կմասնակցի մի քանի Ամանորյա միջոցառումների`երգելով մեր հայրենակիցների համար:
«Կարծում եմ այս տարի ես լավ եմ աշխատել,-անցնող տարին գնահատեց երգչուհին,-Հրաշալի տպավորություններ ունեմ Հայաստանի ձայնը նախագծից: Աննկարագրելի լավ ժամանակ եմ անցկացրել: Երգել եմ Մարտ Բաբայանի հետ, ինչի համար շատ ուրախ եմ: Ընդհանրապես «սփյուռքային» տարի էր, իմ թիմի Աննան, ով դարձավ Հայաստանի ձայն, ևս սփյուռքից էր`Թիֆլիսից: Ստացա «Տարվա լավագույն երգչուհի» տիտղոսը, վաղուց նման գնահատականի չէի արժանացել: Բացառությամբ մի քանի բոլորս հայտնի ու սիրելի մարդկանց կորուստը, որոնց համար սիրտս շատ է ցավել, տարին ինձ համար կարող եմ հաջող գնահատել»:
Քրիստինե Պեպելյանն ուզում է 2014-ին ավելի շատ առիթներ ունենալ ասելու «Շնորհակալ եմ», «Սիրում եմ», «Լավ է, որ դու կաս»: «Պետք է լավատես լինել,-ասում է Քրիստինեն,- Կլինի այն ինչ լինելու է, կարևորը գնահատես այն ինչ ունես, դրանով երջանիկ լինես: Սա էլ մաղթում եմ բոլորին`նայեք ձեր շուրջը, կհամոզվեք, որ ունեք այն ամենն ինչ անհրաժեշտ է ձեզ երջանիկ ինելու համար, եկեք մի քիչ ավելի մարդասեր լինենք և գնահատենք մեր ունեցածը»:
Զրուցեց Գայանե Շահինյանը