Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են գերի վերցրել
Ռուսաստանի Կուրսկի մարզում մարտերի ժամանակ երկրի զինված ուժերը գերի են վերցրել Ուկրաինայի կողմից կռվող Մեծ Բրիտանիայի քաղաքացու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։
Ըստ տղամարդու հարցաքննության տեսանյութի, որը հրապարակել է «Տրոյկա» Telegram ալիքը, համազգեստով տղամարդը ներկայանում է որպես Ջեյմս Սքոթ Ռիս Անդերսոն, 22 տարեկան:
Անդերսոնը տեսանյութում ասում է, որ 2019-2023 թվականներին ծառայել է բրիտանական բանակում որպես շարքային։ Նա ասում է, որ աշխատանքը կորցնելուց և պատերազմի մասին հեռուստատեսային հաղորդումներից հետո միացել է Ուկրաինայում օտարերկրյա լեգեոնի զորամասին, որը կազմված է օտարերկրյա կամավորներից:
Նա Ուկրաինա է մտել Լեհաստանի տարածքով, որից առաջ Լոնդոնից թռել է Կրակով։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «աջակցում է բրիտանացու ընտանիքին նրա կալանավորման մասին հաղորդումներից հետո»:
Ուկրաինան օգոստոսի 6-ին անսպասելի հարձակում էր ձեռնարկել Կուրսկի վրա՝ առաջանալով մինչև 29 կմ և վերահսկողության տակ վերցնելով մոտ 1000 քառակուսի կիլոմետր ռուսական տարածք։ Ռուսաստանը տարածաշրջանում մեծաթիվ ուժեր է տեղակայել և կատաղի մարտերի միջոցով սկսել է հետ գրավել տարածքը: