Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուկ է տեղի ունեցել. իրավիճակը Վրաստանում
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքից ոչ հեռու, որտեղ տեղի է ունենում հանրահավաք Վրաստանում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ, ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Ցուցարարները փորձել են ավտոշարասյունով հասնել խորհրդարանի շենքի մոտ, սակայն իրավապահները չեն թույլատրել:
Ցուցարարները տեղադրել են նաև վրաններ՝ գիշերելու համար: Նրանք պլանավորում են գիշերել այդտեղ, որպեսզի առավոտյան խանգարեն պատգամավորներին անցկացնել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում ցույցը մեկնարկել է նոյեմբերի 24-ի երեկոյան:
Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ Վրաստանի խորհրդարանի շենքից ոչ հեռու, այնուհետև որոշել երթով գնալ խորհրդարանի շենքի ուղղությամբ:
Վրաստանի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։
Երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքներն ու լիազորությունները, ներկայիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնաբերաբար հրաժարական կտա։ Նախարարներն ու վարչապետը կգործեն մինչև նոր կաբինետի նշանակումը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը: