Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակում չենք հայտնվել․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան BBC Radio 5 Live-ին տված հարցազրույցում խոսել է թիմի հերթական անհաջողության մասին։ Շաբաթ՝ նոյեմբերի 23-ին, «քաղաքայինները» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեցին «Տոտենհեմին» (0:4)։
«Ներկայումս մենք խոցելի ենք պաշտպանության մեջ։ Ինչպես միշտ, մենք լավ սկսեցինք, բայց չկարողացանք գոլ խփել, և հետո գոլ ընդունեցինք։ Դրանից հետո մենք ևս մի քանի գոլ բաց թողեցինք, ինչը ծանրացրեց մեր հույզերը։
Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակում չենք հայտնվել։ Հիմա մենք պետք է սրանով ապրենք և հաղթահարենք՝ հաղթանակներ տանելով հաջորդ խաղերում, հատկապես առաջիկայում։ Հիմա մենք իրավիճակին նայում ենք մի ձևով, հնարավոր է՝ մի քանի շաբաթից այն այլ կերպ տեսնենք։ Մենք ուրախանում ենք, երբ հաղթում ենք, և անհանգստանում, երբ պարտվում ենք։ Դա նորմալ է։ Խնդիր կլիներ, եթե նրանք կամ ես չանհանգստանայինք։
Սովոր չենք նման իրավիճակներին, սակայն կյանքը հենց սա է։ Երբեմն լինում էլ են նաև այսպիսի բաներ, մենք պետք է պարզապես ընդունենք այն։ Մենք ոտքի կկանգնենք։
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի օրոք առաջին անգամ 5 անընդմեջ պարտություն կրեց։ «Լիվերպուլի» հաղթանակի դեպքում «մերսիսայդցիները» կարող են առաջ անցնել «քաղաքաբնակներից» արդեն 8 միավորով, փոխանցում է Armsport-ը։