Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյին» պատկանող 2 Lexus-ները վերածվել են մոխրակույտի
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կան կայանված ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տան բնակիչներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Պարզվել է, որ այրվել է Անահիտ Գ․-ի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ «Lexus»-ներից մեկը ամբողջությամբ այրվել է, մյուսն էլ դարձել է ոչ շահագործելի։Այրվել են նաև կենցաղային իրեր, պատուհաններ և ջերմահարվել ավտոտնակի պատերը։ Բնակիչների ու հրշեջների աշխատանքի շնորհիվ հարևան տներ կրակի տարածումը կանխվել է ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոտնակը, որում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել, պատկանում է Նոր Արեշում հայտնի «Սամիկոյին», ով Նոր Արեշում հայտնի գարեջրատներից մեկի սեփականատերն է, իսկ նրա տղան՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, այս տարի հուլիսի 9-ին Երևանում՝ Էրեբունի փողոցում՝ «Քաղաքացիացական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակել և հրազենային վնասվածք էր պատճառել Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ին, իսկ ավտոմեքենաները Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վարորդինն են և այդ ավտոմեքենաները Միացյալ նահանգներից էին ներմուծվել Հայաստան։
Այս վերջին տեղեկությունը ոստիկանները պարզում են և հնարավոր է՝ դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։