Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նոյեմբերի 5-ին որոշում է ստորագրել, որով Խնձորուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
Որոշման մեջ նշվում է, որ Համլետ Օհանյանը աշխատանքային պարտականությունները պատշաճ չի կատարել, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն չի իրականացրել, կրթական ծրագրերը պատշաճ կերպով չի իրականացրել, կրթական գործընթացը ճիշտ չի կազմակերպել։ Նրա նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
Մարզպետը նույնաբովանդակ որոշում է ստորագրել նաև նոյեմբերի 13-ին։ Սարավանի հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Փանդունցի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։