Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին, փոխանցում է Armsport-ը։
Մխիթարյանը խոսել է ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։
— Հենրիխ Մխիթարյան․ ձեր ազգանունն ինչ-որ բան նշանակո՞ւմ է։
— Իտալերենով կարելի է թարգմանել՝ մխիթարություն, սփոփանք։
— Մխիթարություն կլինե՞ր կրկին խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ Ստամբուլում անցկացրած խաղից հետո («Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր»՝ 1:0, 2023թ․ խմբ․)։
— Այո։ Բոլորը կարծում էին, որ «Մանչեսթեր Սիթին» մեզ 4 գոլ կխփի, բայց մենք հիանալի խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ հաղթանակի։ Այնտեղ վերադառնալը երազանք կլիներ, թեև ճանապարհն ավելի երկար է, քան երկու տարի առաջ: Բայց մենք հավատում ենք. վստահ ենք, որ կարող ենք կրկին հասնել»:
— Ճի՞շտ է, որ ավելի շատ կենտրոնացած եք Չեմպիոնների լիգայի, քան սկուդետոյի վրա։
— Ո՛չ, երկուսն էլ հավասար կարևոր են մեզ համար։
— Մեկ ամիս առաջ նշել էիք, որ վատ մեկնարկ եք ունեցել։
— Չնայած փորձիս ու ցանկությանս՝ այո, վատ մեկնարկ եմ ունեցել, բայց վերգտնում եմ ինքս ինձ և արդեն բավականին լավ եմ զգում։ Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ։
— «Ինտերը» նո՞ւյնպես դեռ ամբողջությամբ չի բացահայտվել։
— Մեզ համեմատում են նախորդ տարվա «Ինտերի» հետ, բայց մենք ամեն ինչ անում ենք՝ նվիրվելով 100 տոկոսով։ Գիտենք, որ շատ գոլեր ենք բաց թողել և չենք օգտագործել մեր բոլոր հնարավորությունները, բայց աշխատում ենք հասնել անցյալ տարվա մակարդակին: Շատերն են ուզում հաղթել այս առաջնությունը, մենք՝ առաջին հերթին։
— Ի՞նչ եք կարծում՝ Սիմոնե Ինձագին ճի՞շտ է, երբ ասում է, որ մրցակիցներն ավելի լավ են նախապատրաստված։
— Այո՛։ Մենք միավորներ ենք կորցրել, որը չպետք է կորցնեինք, հակառակ դեպքում արդեն առաջին տեղում կլինեինք։ Այս առաջնությունն այլ է, և մենք պետք է ավելի լավ հանդես գանք։ Վստահ եմ մեր ուժերի վրա։