Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաստել ընտրացուցակները
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրիի անձնագրային բաժիններին վերադասից հրահանգ է տրվել մինչև դեկտեմբերի 15-ը պատրաստել ընտրացուցակները՝ առաջիկա ՏԻՄ արտահերթ ընտրությունների համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ն որոշել է ընտրությունների գնալ դեկտեմբերի 28-ին։
«Հատուկ այդ նպատակով էլ Ոստիկանության բաժնի պետեր փոխվեցին։ Իրենց մարդկանց են նշանակել, որ հնարավորինս անցնցում կազմակերպեն էդ ամեն ինչը։ Նազելի Բաղդասարյանի ընկերուհին` Նազելի Էլբակյանը, ով աշխատում է անձնագրային վարչության բաժանմունքի պետ, շատ բարձր մակարդակով կազմակերպում է այդ ամենը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր աղբյուրը։
Նշենք, որ օրերս տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզում ոստիկանության բաժնի պետեր են ազատվել պաշտոններից, նոր նշանակումներ են եղել։
Գրել էինք նաև, որ ՔՊ-ն իր թեկնածուի ընտրվելու համար խառնել է ոստիկանապետին ու քրեական հեղինակություններին։
Հատկանշական է, որ ոստիկանության համակարգում բարձր պաշտոնների են նշանակվել կա՛մ իշխանության յուրայինները, կա՛մ նրանք, ովքեր Կիրանցում, ցույցերի ժամանակ բարձր մակարդակով են կատարել իշխանությունների հրամանները։