Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակում ռուսական նոր հրթիռը կարող է հասնել Եվրոպա
«Օրեշնիկ» կոչվող ռուսական բալիստիկ նոր հրթիռը եվրոպական ցանկացած քաղաք կարող է հասնել մինչև 20 րոպեում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել բրիտանական Daily Mail թերթը:
Լրատվամիջոցը նշում է, որ նոր հրթիռի ի հայտ գալուց հետո Եվրոպային ընդամենը մի քանի րոպե է բաժանում արմագեդոնից, քանի որ ռուսական փորձարարական գերձայնային հրթիռը 20 րոպեից էլ պակաս ժամանակում կարող է հարվածել աշխարհամասի ցանկացած քաղաքի:
Հաշվարկվել է, որ Ռուսաստանի Աստրախանի մարզում գտնվող «Կապուստին Յար» հրթիռային տեղամասից արձակված «Օրեշնիկ» հրթիռը Բեռլին կհասնի 11-12, Հռոմ՝ 13-14, Բրյուսել՝ 14-15, Փարիզ՝ 15-16, իսկ Լոնդոն՝ 16-17 րոպեում:
Նոյեմբերի 21-ին Ռուսաստանը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հրթիռներով խոցել էր Ուկրաինայի Դնիպրո (նախկին Դնեպրոպետրովսկ) քաղաքի ամենամեծ արդյունաբերական համալիրներից մեկը: