Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճակ է այս պահին
Դեռ մարտ ամսից մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցներում կտրվել են հաստաբուն, հնաբնակ ծառեր, որոնք երևանցիներին, քաղաքի հյուրերին պաշտպանում էին ամռան տապից։
Այսօր էլ ArmLur.am-ը ստացավ ահազանգ այն մասին, որ կատարվում է ծառերի հերթական «սպանդը» Ալեք Մանուկյան փողոցում։
ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիների խոսքով՝ ծառերը գերնորմալ իրավիճակում են, առողջ են և հատվելու կարիք ընդհանրապես չունեն։
Նշենք, որ ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հատված ծառերը ֆիզկուլտ ինստիտուտի հարակից տարածքում են։
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ են հատվում ծառերը, սակայն վերջիններս մեր բազմաթիվ զանգերը թողեցին անպատասխան։
Հիշեցնենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ArmLur.am-ին փոխանցել էր, որ նոր ծառահատումներ են սպասվում, այդ թվում՝ Ալեք Մանուկյան փողոցում։