Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է Shantnews-ը։
«Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի 1-ից Ղրղզստանում կսահմանվի էլեկտրոնային ծխախոտի ներմուծման, վաճառքի և ծխելու արգելք։
Օրենքի համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտ ծխելու համար ֆիզիկական անձանց համար կսահմանվի տուգանք՝ 10 հազար սոմ (115 դոլար), իրավաբանական անձանց համար՝ 60 հազար սոմ (690 դոլար)։ Էլեկտրոնային ծխախոտի վաճառքի տուգանքը կկազմի 20 հազար սոմ (230 դոլար), իրավաբանական անձանց համար՝ 65 հազար սոմ (750 դոլար)։
Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտի անօրինական ներմուծման համար օրենքը նախատեսում է ուղղիչ աշխատանք կամ տուգանք 100-120 հազար սոմ (մինչև 1 380 դոլար) չափով։ Էլեկտրոնային ծխախոտի խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով ներկրման դեպքում նախատեսվում է տուգանք՝ մինչև 200 հազար սոմ (2 300 դոլար) չափով կամ ազատազրկում՝ մեկից երկու տարի ժամկետով։