Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել Ինտեր Մայամին
Օրեր առաջ Տատա Մարտինոն անսպասելիորեն հեռացավ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնից, սակայն ակումբն արդեն նրան փոխարինող է գտել։ Այս մասին հայտնում է լրագրող Սեզար Լուիս Մերլոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» նախկին արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն կդառնա «Ինտեր Մայամիի» նոր գլխավոր մարզիչը։
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի վերաբերյալ, որը պաշտոնապես կստորագրվի մոտ օրերս։
Մասկերանոն լքում է Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը՝ աշխատելու «Ինտեր Մայամիում»։ Սա կլինի նրա առաջին մարզչական փորձը ակումբային մակարդակում:
Նշենք, որ Մասկերանոն իր խաղային կարիերայի ընթացքում երկար տարիներ եղել է Լիոնել Մեսսիի, Լուիս Սուարեսի, Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի թիմակիցը, որոնք այժմ հանդես են գալիս ամերիկյան ակումբի կազմում, փոխանցում է Armsport-ը։