Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes GLE» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վրա։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։