8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոարժույթ, 33 մլն եկամուտ․ Նարեկ Զեյնալյանի և կնոջ ունեցվածքը
Շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանի կաբինետում մեկը մյուսին հաջորդող հրաժարականների շքերթի ֆոնին իր պատգամավորական մանդատը վայր դրեց նաև ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը։ Թեպետ իշխանական արդեն նախկին պատգամավորը իր հրաժարականի պատճառը չէր հայտնել, այնուամենայնիվ մամուլի տեղեկություններով նա դա արել է Նիկոլ Փաշինյանի հորդորով։
Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանի և ՔՊ-ական մյուս պատգամավորը ուշադրության կենտրոնում էին հայտնվել հոկտեմբերի 15-ին՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Այդ օրը ԱԺ-ում Քյարամյանի և Աղազարյանի վեճը քիչ էր մնում ծեծկռտուքի վերածվեր, որից հետո վերջինս քննադատել էր ՔԿ արդեն նախկին նախագահին՝ պատգամավորների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար։ Զեյնալյանը ևս քննադատել էր Քյարամյանի պահվածքը՝ ընդգծելով, որ անընդունելի է պատգամավորների հետ նման տոնով և ժեստիկուլյացիայով խոսելը։
Oragir.News-ն ուսումնասիրել է ՔՊ-ական նախկին պատգամավորի, նրա կնոջ՝ Գայանե Ղազարյանի և չափահաս որդու՝ Ադամ Զեյնալյանի հայտարարագրերը․
Որպես անշարժ գույք՝ Նարեկ Զեյնալյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որոնք գնել է 2016 թվականի հոկտեմբերի 21-ին և 2017-ի հոկտեմբերի 17-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում, որը գնել է 2011 թվականի հուլիսի 19-ին։ Նախորդ տարին ՔՊ-ական նախկին պատգամավորի համար բարեբեր է եղել․ նա Երևանում ձեռք է բերել ևս 2 բնակարան՝ 2023-ի օգոստոսի 23-ին և նոյեմբերի 23-ին, որոնցից առաջինը միանձնյա, երկրորդը՝ համատեղ սեփականությամբ, ինչպես նաև ավտոկայանատեղի՝ Երևանում՝ միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին նրա 6 միավոր անշարժ գույքը պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ նախկին պատգամավորը հայտարարագրել է 2006 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2014 թվականի ապրիլի 23-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Նարեկ Զեյնալյանը Ակբա բանկում 676․000 դրամ արժեքով բաժնետոմս է հայտարարագրել, որի արժեքը տարեվերջին կազմել է 568․000 դրամ։
Բացի այդ, նա 23 մլն դրամ և 36․800 դոլար արժեքով 2 պարտատոմս է հայտարարագրել ID Bank-ում, որոնցից առաջինը տարեվերջին նույնությամբ պահպանվել է, երկրորդը դարձել 26․300 դրամ։
Զեյնալյանը Սիամս ՍՊԸ-ում տարեսկզբին ունեցել է 31 մլն 970 հազար դրամ փոխառություն՝ 11․8 տոկոս անվանական տոկոսադրույքով, որը տարեվերջին զրոյացել է։
Նախկին պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 102․322 դրամ և 1104 դոլար, տարեվերջին՝ 1 մլն 484․729 դրամ և 128 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 11 մլն դրամ և 15 հազար դոլար, տարեվերջին՝ 15 մլն 300 հազար դրամ և 20 հազար դոլար։
Նա ունեցել է նաև SHIBA տեսակի կրիպտոարժույթ, որի արժեքը տարեսկզբին կազմել է 200 դոլար, տարեվերջին՝ 156 դոլար։
ՔՊ-ական նախկին պատգամավորի եկամուտները կազմել 22 մլն 533․791,83 դրամ, որից 11 մլն 971․120 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 3 մլն 378․378-ը՝ այլ եկամուտը, 2 մլն 185 հազար դրամը և 1262 դոլարը ID bank-ից ստացած շահաբաժինը, 36 հազար դրամը՝ Ակբա բանկից ստացած շահաբաժինը, 2 մլն 759․499 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը, 800 հազար 30 դրամը և 2341 դոլարը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրից ստացած այլ եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 400 հազար դրամ։
Վերջինս տարվա ընթացքում 2 մլն դրամը գերազանցող՝ 3 մլն 600 հազար դրամ արժեքով միանվագ գնում է կատարել, իսկ թե ինչ՝ չի հստակեցրել։
Պատգամավորի կինը՝ Գայանե Ղազարյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած 2 բնակարանները՝ Նոր Նորքում և առանձնատունը՝ Ձորաբյուրում, որոնց նա տիրապետում է բաժնային և համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել է 2013 թվականի ապրիլի 4-ին և հողամաս՝ Կոտայիք մարզի Քանաքեռավան համայնքում, որը նվիրատվություն է ստացել 2021 թվականի փետրվարի 3-ին։ Վերջինս տարվա ընթացքում՝ նոյեմբերի 23-ին, գնել է 1 բնակարան՝ Երևանում՝ 32 մլն 500 հազար դրամ արժեքով։ Այս բնակարանին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ՝ ամուսնու հետ միասին։ Ղազարյանի անշարժ գույքը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2016 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021 թվականի փետրվարի 4-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Վերջինս առևտրային բանկերից մեկում ունեցել է 1 մլն 250 հազար դրամ անվանական արժեքով ավանդ, որը տարեվերջին զրոյացվել է։
Գայանե Ղազարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 415․015 դրամ, տարեվերջին՝ 113․965 դրամ։ Նա ունեցել է նաև 7 մլն դրամ և 6000 դոլար, որը տարեվերջին կազմել է 10 մլն 500 հազար դրամ և 13 հազար դոլար։
Հաշվետու տարում Ղազարյանի եկամուտները կազմել են 10 մլն 725․792 դրամ, որից 9 մլն 454․906 դրամը Ակտի գրուպ ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, 1 մլն 270․886 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։
Զեյնալյանի չափահաս որդին՝ Ադամ Զեյնալյանը, ոչինչ չի հայտարարագրել։