Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներին
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելությանը՝ ԵՄ անվտանգության ոլորտի կառավարման հաստատության ավագ փորձագետներ Ալինա Բելսկայային և Հենրի Վաթենին, Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Թիյս Կորստենին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Գաբրիելե Յակովինոյին։
Առաքելությունը Հայաստան է ժամանել անվտանգության ոլորտին առնչվող կառույցների, այդ թվում՝ իրավապահ մարմինների նախնական ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը, Ծառայության և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։
Ծառայության պետի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական ոլորտի ընթացիկ բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով գործող մի քանի քրեակատարողական հիմնարկների փակման ծրագրերին, քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին, վերասոցիալականցման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև ազատազրկված անձանց կողմից բջջային հեռախոսներ պահելու քրեականացման հարցը, ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի արդիականացման գործընթացը։
Առաջնահերթ խնդիրների շարքում Սահակ Գրիգորյանը նշել է ազատազրկված անձանց զբաղվածությունը և այս համատեքստում առանձնացրել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախատեսվող փայտամշակման արհեստանոցի ստեղծումը, ինչպես նաև այլ քրեակատարողական հիմնարկներում զբաղվածության ապահովության ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։
Կարիքների թվում միջազգային գործընկերներին ներկայացվել են հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողների համար եվրոպական չափանիշներին համապատասխանող վերապատրաստումների անհրաժեշտությունը, թմրամիջոցների, արգելված իրերի ներթափանցման դեմ առավել արդյունավետ պայքարի համար պահպանության և անվտանգության ոլորտների տեխնիկական վերազինումը, հիմնարկներում խլացուցիչ և սքանավորման սարքերի տեղադրումը։