ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտության սրումը
ՄԱԿ-ը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիայի կանխարգելման համար։ Այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նրա խոսքով, ՄԱԿ-ը ցանկանում է հակամարտության ավարտը տեսնել միջազգային իրավունքին և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Գլխավոր վեհաժողովի բանաձևերին համապատասխան։
Դյուժարիկը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը «սխալ ուղղությամբ է գնում»։
«Մենք ցանկանում ենք, որ բոլոր կողմերը հրատապ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու իրավիճակի սրումը, ապահովելու խաղաղ բնակչության պաշտպանությունը և թիրախ չդարձնեն քաղաքացիական օբյեկտները կամ կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը: