Ավստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Ավստրալիայի կառավարությունը ներկայացրել է օրենսդրություն, որով անօրինական է համարվում մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Առցանց անվտանգության փոփոխության (Սոցիալական մեդիայի նվազագույն տարիքի) օրինագիծ 2024»-ը ավելի մեծ պաշտպանություն կապահովի երիտասարդ ավստրալացիների համար նրանց զարգացման կարևոր փուլերի ընթացքում», - նշված է հաղորդագրության մեջ:
Սոցիալական հարթակներից կպահանջվի ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու սահմանված տարիքից ցածր անձանց կողմից օգտահաշիվների ստեղծումը:
Տարիքային սահմանափակումներ կկիրառվեն այնպիսի սոցիալական հարթակների վրա, ինչպիսիք են Snapchat-ը, TikTok-ը, Instagram-ը, X-ը և այլն։ Միևնույն ժամանակ օրինագիծը կապահովի, որ երիտասարդ ավստրալացիները շարունակական հասանելիություն ունենան հաղորդագրությունների և առցանց խաղերի հավելվածներին, ինչպես նաև այնպիսի ծառայությունների, որոնք կապված են առողջության և կրթության հետ, ինչպիսիք են Headspace-ը, Kids Helpline-ը, Google Classroom-ը և YouTube-ը։
Համացանցում անվտանգության խախտման համար Ավստրալիայի կառավարությունն ավելի խիստ տույժեր կսահմանի. առցանց հարթակները պարբերաբար թույլ տրվող խախտումների համար կարող են տուգանվել մինչև 49,5 միլիոն ավստրալական դոլարով։
«Սա դարակազմիկ բարեփոխում է։ Մենք գիտենք, որ որոշ երեխաներ շրջանցելու ճանապարհներ կգտնեն, բայց մենք ուղերձ ենք հղում սոցիալական մեդիա ընկերություններին, որ նրանք բարելավեն իրենց գործելակերպը», - ասել է Ալբանիզը:
Վարչապետ Ալբանիզի կայքում տարածված հաղորդագրության համաձայն՝ օրինագիծը մշակվել է երիտասարդ ավստրալացիների, ծնողների, փորձագետների, արդյունաբերության, համայնքային կազմակերպությունների և նահանգների ու տարածքների կառավարությունների լայնածավալ արձագանքներից հետո: