Պապոյանն այցելել է «Եղվարդի նեկտար» ընկերություն՝ ծանոթանալու կազմակերպության հաջողություններին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը նոյեմբերի 20-ին այցելել են «Եղվարդի նեկտար» ընկերություն՝ ծանոթանալու կազմակերպության արտադրական գործունեությանը և հաջողություններին։
«Եղվարդի նեկտար» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ ընտանեկան ավանդական տնտեսության հիման վրա: Տարիների ընթացքում այն ձեռք է բերել զգալի աճ՝ դառնալով Հայաստանի առաջատար մեղվաբուծական ընկերություններից մեկը:
Ընկերությունը ներկայում արտադրում է 15 տեսակի մեղր, սակայն նախատեսում է ընդլայնել արտադրանքի տեսականին՝ հասցնելով մինչև 50-ի։ Ընկերությունը տարեկան ապահովում է մինչև 50 տոննա մեղվամթերքի արտադրություն։ Արտադրանքն արտահանվում է Ֆրանսիա, ԱՄՆ և Չինաստան։
Նախատեսվում է նաև սկսել մեղրի հումքով ոգելից խմիչքների արտադրություն, մասնավորապես՝ մեղրի օղի, բրենդի, գինի և վիսկի։
Ընկերությունն օգտվել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» պետական ծրագրից՝ ձեռք բերելով նոր սարքավորումներ, որոնք նպաստել են արտադրության ընդլայնմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև սերտորեն համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» շրջանակում՝ հանդես գալով որպես մատակարար կազմակերպություն։
Ամեն տարի կազմակերպությունը սահմանամերձ գյուղերում նախաձեռնում է անհատական մեղվատնտեսությունների ստեղծման ծրագիր՝ տրամադրելով մեղվաընտանիքներ և աջակցություն։