Ժաննա Անդրեասյանը «AMAA Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) ներկայացուցիչներին՝ «AMAA Հայաստան»-ի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, AMAA-ի կրթական գործունեության շրջանակում Երևանում գործում է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան և անվճար «Ավետիսյան» դպրոցը, մանկապարտեզ, ցերեկային կենտրոններ, ամառային ճամբարներ:
«Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոչ պետական կրթական հաստատությունների և պետական քաղաքականություն իրականացնող մարմինների միջև արդյունավետ երկխոսության ապահովումը:
Արեն Դեյիրմենջյանը տեղեկացրել է՝ «Ավետիսյան» դպրոցում ներկայում ընթանում են քննարկումներ գյուղատնտեսական կրթական ծրագրերի ներդրման, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտական ծրագրերի շուրջ՝ արտասահմանյան լավագույն կրթական հաստատությունների հետ համատեղ: «AMAA Հայաստան»-ի տնօրենի խոսքով՝ նպատակ ունեն կրթական այս մոդելը տարածել նաև ՀՀ մարզերում՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում հիմնելով նմանօրինակ կրթական հաստատություններ։
Առաջին նման կենտրոնը նախատեսում են հիմնել Վարդենիսում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Արեն Դեյիրմենջյանն ընդգծել է՝ ցանկանում են կրթական ոլորտի զարգացմանը նպաստել պետության հետ համատեղ, որպեսզի իրենց նախաձեռնություններն առավելագույնս համապատասխանեն պետության տեսլականին և ՀՀ-ում կրթական բարեփոխումներին:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է նմանօրինակ նախաձեռնությունն ու պետական քաղաքականության հետ համապատասխանեցումը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել դիտարկելու ծրագրի շուրջ համագործակցության հնարավորությունները:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բովանդակային ծրագրերին: ԿԳՄՍ նախարարը կարևորել է՝ կրթական և առարկայական բոլոր ծրագրերը պետք է համապատասխանեն Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: