ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նոյեմբերի 20-ին այցելել է Picsart Academy, որը հանրահայտ Picsart ընկերության կրթական հաստատությունն է՝ մասնագիտացած տեխնոլոգիական տարբեր ուղղություններով մասնագետների պատրաստման գործում։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը:
Picsart Academy-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է ակադեմիայում, ծանոթացել դասընթացների բովանդակությանը, արդյունավետությանը, ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին։
«Նշվել է, որ իրենք վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ նպատակ ունենալով Հայաստանում ոլորտի բարձրորակ նոր մասնագետներ պատրաստել։
Իմ խոսքում ներկայացրել եմ օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են խթանելու նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական ոլորտ։
Անդրադարձ է կատարվել ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով առաջիկայում նախատեսվող մրցույթին, ինչպես նաև «Կարողությունների զարգացում» բաղադրիչին, որով ոլորտի շուրջ 300 աշխատակից տարբեր ուսումնական հաստատություններում մասնակցում են վերապատրաստման ծրագրերի»,- գրել է նախարարը։