«Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կազմակերպած «Սառը միաձուլման 50-ամյակը» միջազգային գիտաժողովը, հայտնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Գիտաժողովը կնախագահեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը։ Զեկուցմամբ հանդես կգա հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։
1974 թվականին Դուբնայում Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ հայտնաբերվեց ռեակցիաների նոր դաս՝ զանգվածային միջուկների սառը միաձուլման ռեակցիաներ։ Կես դար այս ռեակցիաները համաշխարհային պրակտիկայում օգտագործվում են տրանսակտինիդային տարրերի սինթեզի և հատկությունների ուսումնասիրության համար։ Այս մեթոդը թույլ տվեց Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջատար լաբորատորիաներին առաջին անգամ սինթեզել 107-ից մինչև 113 ատոմային թվերով տարրեր։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան քիմիական տարրերի սինթեզի և հատկությունների նկարագրության բնագավառի ճանաչված գիտնականներ Բուլղարիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։
Գիտաժողովը կընդգրկի մի շարք սեկցիաներ՝ նվիրված գերծանր տարրերի սառը միջուկային միաձուլմանը, ծանր իոններով միջուկային ռեակցիաներին, ֆիզիկական և քիմիական հատկություններին։ Կքննարկվեն սառը միաձուլման ռեակցիայի մեխանիզմները, ժամանակակից աշխարհի առաջատար կենտրոններում գերծանր մետաղների սինթեզի և ուսումնասիրման ժամանակակից վիճակը, այն ռեակցիաների քվանտային-դինամիկ մոդելի ստեղծումը, որոնցում ձևավորվում են գերծանր տարրեր և այլն։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ։ Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մուտքն ազատ է։