Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին
Մոլդովայի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կառավարությունում առաջիկա վերադասավորումների ֆոնին, որի մասին երկրի վարչապետ Դորին Ռեչանը ծրագրում է հայտարարել։
«Ինձ համար պատիվ էր ծառայել Մոլդովայի Հանրապետությանը որպես ներքին գործերի նախարար: Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար այս դժվարին մանդատի ընթացքում», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է Էֆրոսը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։
Ավելի վաղ Դորին Ռեչանն ասել էր, որ երկուշաբթի երեկոյան կներկայացնի կառավարությունում վերադասավորումների վերաբերյալ որոշումներ՝ դրա արդյունավետությունը բարելավելու նպատակով։
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն խոստովանել է, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տվել և նշել, որ վերադասավորելու է կառավարությունը, որը ձևավորվել էր իր հիմնադրած «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից։ Սանդուն վերջին ընտրություններում հաղթել է երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 55,33 տոկոսը, նրա հակառակորդը՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, հավաքել է ձայների 44,67 տոկոսը։