Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 36-ը՝ վիրավորվել
Բեյրութի կենտրոնական և արևմտյան շրջանների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 36-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լիբանանի առողջապահության նախարարությունը Facebook-ի իր պաշտոնական էջում:
Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի հարձակումը Ռաս էն Նաբայի շրջանի վրա (Բեյրութի կենտրոնում) հանգեցրել է 4 մարդու մահվան, այդ թվում՝ մեկ կնոջ, և ևս 14-ի վիրավորման, այդ թվում՝ 2 երեխայի։
Իսկ Բեյրութի արևմտյան Մար Իլյասի շրջանի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 22-ը:
Իր հերթին լիբանանյան «Հեզբոլլահ»-ը հաստատել է, որ Բեյրութի կենտրոնական շրջանին իսրայելական հարվածից զոհվածների շարքում է խմբավորման տեղեկատվական ծառայության ղեկավար Մոհամմեդ Աֆիֆը։
BBC-ն նշում է, որ հարվածի հետևանքով փլուզվել է սիրիական Բաաթ կուսակցության լիբանանյան ճյուղի գլխամասային գրասենյակը։ Ըստ BBC-ի մերձավորարևելյան թղթակից Լինա Սինջաբի՝ այս զարգացումը մտահոգություն է առաջացնում, որ Իսրայելն իր հարձակումները տարածում է «Հեզբոլլահ»-ի ռազմական պաշտոնյաների շրջանակներից դուրս։