ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի համար պաշտոնանկություններն անակնկալ են եղել
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կայացած պաշտոնանկությունների շքերթն անակնկալի է բերել իշխանական պատգամավորներին: ArmLur.am-ի հետ զրույգում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց, որ ինքը եկել է ԱԺ, նոր իմացել է, որ պաշտոնյաներ են հեռացվել:
-Պարո՛ն Ասլանյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանը նման կտրուկ որոշումների գնաց, ո՞րն է պաշտոնանկությունների պատճառը:
-Նիկոլ Փաշինյանն ինձ հետ չի խորհրդակցել, որ այդ բոլորն արվել է: Դա կառավարության գործառույթն է, պետք է իրենց հարցնել: Ես դեռ չգիտեմ՝ ովքեր են պաշտոնանկ արվել:
-Դե արդեն հաստատվել է՝ ԲԴԽ նախագահ, ՔԿ նախագահ, ՆԳՆ նախարար, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, ու էլի պաշտոնանկություններ են սպասվում:
-Բացարձակապես չեմ իմացել, եկել եմ ԱԺ, նոր իմացել եմ այդ մասին:
-Այսինքն, Փաշինյանի որոշումները Ձեզ համար անակնկա՞լ են եղել:
-Բնականաբար։
-Իսկ Դուք, այս պաշտոնանկությունների անհրաժեշտությունը տեսնո՞ւմ էիք, օրինակ՝ ինքներդ գո՞հ էիք հեռացված պաշտոնյաների աշխատանքից:
-Ես ոչինչ չեմ կարող ասել, դրա կարիք լինել-չլինելը համապատասխան մարդկանց գործառույթն է: Ես ԱԺ պատգամավոր եմ, կրթական համակարգին եմ առնչվում, եթե այդ ոլորտից հարց տայիք։ Մնացած հարցերին ես գրեթե չեմ խառնվում, կարծում եմ՝ ամեն մարդ շախմատի իր «պարտյան» պետք է խաղա: