Աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ ՏԿԵ նախարարի պաշտոնը. Գնել Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել և թողնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
«Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։
Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։ Չի եղել աշխատաքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։ Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։ Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։ Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։
Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։
Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»,- ասված է Գնել Սանոսյանի գրառման մեջ։