Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը. ԱՆ
Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Այս տարվա կարգախոսն է. «Կրթենք, տեղեկացնենք և գործենք անհապաղ»:
Հակամանրէային դեղերի կայունության (ՀՄԴԿ) խնդիրը սպառնալիք է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանի համար, որի հետևանքները կարող են բացասաբար ազդել ողջ մարդկության վրա, մասնավորապես` հնարավոր չի լինի ապահովել վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժումը: Սրան նպաստող գործոններից են հակամանրէային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային` սխալ դեղաչափերով նշանակումը և կիրառումը, բնակչության ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը, ինչպես նաև` գյուղատնտեսության ոլորտում այս դեղերի ոչ նպատակային կամ չհիմնավորված օգտագործումը:
Արդյունավետ հակամանրէային դեղերը, մասնավորապես` հակաբակտերիային, ամենակարևոր տարրերից են, որոնց շնորհիվ մարդու կյանքի միջին տևողությունը երկարել է:
ՀՄԴԿ-ն այժմ անվանում են նաև «Լուռ համաճարակ» և դրա կանխարգելումը պահանջում է միջոլորտային համագործակցություն և արդյունավետ աշխատանք` համախմբված «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ, որի հիմնական նպատակն է դեղակայուն մանրէների տարածումը նվազագույնի հասցնել` հնարավորություն տալով ապագա սերունդներին ունենալու արդյունավետ հակամանրէային դեղեր»,-նշված է հաղորդագրության մեջ։