Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.
«Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմը ակտիվ միջնորդ էր հայ-ադրբեջանական (ինչպես նաև հայ-թուրքական) հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հենց այդ պատճառով էր, որ հեռացող նախագահ Բայդենն իր նամակներով կոչ էր անում Ալիևին և Փաշինյանին մինչ տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա օբյեկտիվորեն ցանկություն ուներ ստանալ իր դափնիները՝ որպես այս նախաձեռնության միջնորդ: Եթե Հարիսի հաղթանակի պարագայում դեմոկրատների քաղաքական կուրսի շարունակականությունը ապահովված կլիներ, ապա Թրամփի պարագայում նման հեռանկար չկա:
Եթե իրերին նայենք ռեալ, ապա այստեղ ուրվագծվում են հետևյալ սցենարները.
1. Թրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենարը, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին, կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ: Մյուս կողմից Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիները իրեն վերագրվեն՝ մանավանդ, հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ (success stories): Ժամանակի ձգձգման սցենարն, իհարկե, բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի:
2. Երկրորդ սցենարն այն է, որ Թրամփն ընդհանրապես ակտիվ ներգրավվածություն չունենա Հարավային Կովկասում և մեր ռեգիոնի բոլոր նախաձեռնություններն անցնեն Ռուսաստան-Թուրքիա-Իրան տարածաշրջանային խաղացողների խաղադաշտ: Սա նույնպես բխում է Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանի վրա ճնշումներ չեն լինի, իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ունակ է պայմանավորվել Թեհրանի, Անկարայի և Մոսկվայի հետ: Այս սցենարն, իհարկե, դիսբալանսավորելու է տարածաշրջանն այն տեսանկյունից, որ Ամերիկայի բացակայությունը ազատում է բոլոր խաղացողների ձեռքերը և ինչպես ցանկացած հավասարակշռության փլուզում, բերում է հաղթող բևեռի ազդեցության աճի:
3. Երրորդ սցենարը դա էսկալացիայի աճն է Իրանի շուրջ, ինչը տարածաշրջանը կարող է դարձնել «проходной двор» բոլոր բացասական հետևանքներով»։