Աբխազական ընդդիմությունը պատրաստ է փոխզիջման գնալ կառավարության հրաժարականի դեպքում
«Աբխազական ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբան, Աբխազիայի խորհրդարանում հանդես գալով կողմնակիցների առջև, հայտարարել է, որ ընդդիմությունը համաձայնել է փոխզիջման գնալ հանրապետությունում իրադրությունը որոշակի պայմաններով կարգավորելու շուրջ բանակցություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Եթե նախագահը կատարի իր խոստումը և հրաժարական տա, ապա մենք կհամաձայնենք, որ նրա պարտականությունները մինչև նոր ընտրությունները կկատարի գործող փոխնախագահը: Բայց պայմանով, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա և վարչապետի պաշտոնում նշանակվի ընդդիմության ուժերի ներկայացուցիչը», - ասել է Արձինբան՝ հավելելով, որ «այս կերպ մենք բացառում ենք առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունը»։
Նրա խոսքով՝ Ժողովրդական ժողովի և Հանրային պալատի պատգամավորներից մի խումբ բանակցողներ նման առաջարկություններով գնացել են Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի մոտ։