Հովիկ Աղազարյանը՝ իր մանդատը վայր դնելու և պաշտոնյաների հրաժարականների մասին
Ազգային ժողովի մամուլի քարտուղարը հաղորդագրություն է տարածել, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. անձամբ ես որևէ բան չգիտեմ, չեմ ստացել որեւէ նման ազդակ։ Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով իր՝ մանդատը վայր դնելու լուրերը:
«Ուղղակի հիշեցնում եմ ձեզ, որ հայտնի լսումների հետ կապված գոյություն ունի և՛ քրեական վարույթ իրավապահ մարմինների դաշտում, և՛ ներկուսակցական վարույթ, որը ընթացքի մեջ է, այդքան բան: Ազգային ժողովի մամուլի քարտուղարը պաշտոնական ինստիտուտ է և այդ մասին հայտարարել է։ Ես խնդրում եմ, որ դա դուք հաշվի առնեք»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում փաստը, որ մեկ գիշերվա մեջ այդքան մեծ թվով պաշտոնյաներ հրաժարական են տվել, Աղազարյանը պատասխանեց. «Ես այդ մասին չեմ խոսի, որովհետև ես չգիտեմ այդ ամեն ինչը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Ես ընդամենը լրատվամիջոցներից եմ տեղեկացել, ասում են, գրում են: Եթե ինչ-որ բան պարզվի, ինչ-որ բան իմանամ, հաճույքով կկիսվեմ ձեզ հետ»: