Զգացողությունները երկակի են. Լատվիայի հավաքականի մարզիչ
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում հանդիպեց Լատվիայի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։ Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Լատվիայի հավաքականի մարզիչ Պաոլո Նիկոլատոն։
«Զգացողությունները երկակի են: Մի կողմից՝ ցավալի է ֆուտբոլիստների համար, քանի որ նրանք իսկապես ցանկանում էին իրենց լավ դրսևորել և արդյունքի հասնել։ Ցավում եմ նաև երկրպագուների համար, ովքեր սպասում էին հաղթանակի։ Սակայն, մյուս կողմից, երիտասարդ ֆուտբոլիստներից գոհ ենք, մենք աճել ենք որպես թիմ՝ թե՛ ամբողջությամբ, թե՛ անհատապես։
Մեր նպատակն էր բաց խաղալ մինչև հանդիպման 60-րդ րոպեն, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, ավելի շատ ռիսկի դիմել, քանի որ մեզ միայն հաղթանակ էր պետք։ Մենք տեսնում ենք, որ շատ գոլային պահեր ենք ստեղծում, բայց դժվարությամբ ենք դրանք իրացնում: Մրցակիցները հաճախ ավելի քիչ պահեր են ստեղծում, բայց ավելի շատ գոլ խփում: Հետևաբար, մենք պետք է հետագայում աշխատենք հարձակման վերջնական փուլի վրա։
Ես չեմ ափսոսում կազմի ընտրության համար: Երիտասարդ ֆուտբոլիստներին պետք է հնարավորություններ տալ: Մենք մեր թիմում ունենք նման մի քանի ֆուտբոլիստներ, և նրանք լավ հանդես եկան։ Շարունակենք աշխատել անհատական աճի վրա, քանի որ թիմն ինքն է առաջադիմում։ Ընդհանուր առմամբ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք: Հաճելի է աշխատել այս թիմի հետ և այս երկրում: Ես շատ բարձր եմ գնահատում Լատվիան և նրա ժողովրդին, քանի որ մենք կիսում ենք նույն արժեքները»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է թիմի գլխավոր մարզչին Լատվիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: